im
ԵՐԵՔ ԹԵՂՈՒՏ ՄԵԿ ՕՐՈՒՄ
ԵՐԵՔ ԹԵՂՈՒՏ ՄԵԿ ՕՐՈՒՄ
"Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Ֆորչյուն Օյլ»
ընկերության պատվիրակությանը ընկերության գործադիր փոխնախագահ Դանիել
Չյուի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի
Հանրապետությունում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանգ Չուն”: Սա
հատված է կառավարության փետրվարի 23-ի տարածած հաղորդագրությունից:
Երբ փետրվարի 7-ին Hetq.am-ում տպագրվեց, որ չինական ընկերությանը
վաճառվել է Հայաստանում փաստորեն երկաթահանքեր շահագործելու իրավունք,
կարծում էինք, որ սա ընդամենը վատ երազ է, եւ մեր երկու "ազգընտիրներ”
Վարդան Այվազյանն ու Տիգրան Արզաքանցյանը չինացիներին 24 միլիոն դոլարով
վաճառել են մի բան, որը երբեւէ չի իրականանալու: Այսինքն, ծախել են ինչ որ
լիցենզիա, որի իրագործման թույլտվություն երբեւէ Հայաստանի
կառավարությունը չի տալու: Իսկ չի տալու մի պարզ պատճառով` Հայաստանը շատ
փոքր տարածք է, որպեսզի այնտեղ ինչ որ մեկը ինչ որ երկաթի հանք շահագործի
(ըստ պայմանագրի, խոսքը նույնիսկ 3 երկաթահանքերի շահագործման մասին է):
Ցանկացած բնապահպան, տնտեսագետ, ինժեներ, երկրաբան կասի, որ երկաթահանք
շահագործելը դա մոլիբդենի կամ ոսկու հանք շահագործել չէ, որովհետեւ իր
մասշտաբայնությամբ սա բոլորովին այլ պրոցես է, եւ չի ենթարկվում թափոնների
պոչամբարների տեսքով լոկալացման:
Երկաթահանքի դեպքում, բնությանը, շրջակա միջավայրին եւ այդ տարածքում
ապրող մարդկանց հասցվող վնասը հարյուրապատիկ է, եթե ոչ հազարապատիկ: Եվ
եթե սովետական ինդուստրիալիզացիայի տարիներին չշահագործվեցին Հրազդանի
երկաթահանքերը, ապա միայն այն պարզ գիտակցմամբ, որ հանքի շահագործման
հետեւանքով մշտական փոշու ամպը կախված է լինելու Սեւանից Երեւան ընկած
հատվածի վրա, վերանալու է ոչ միայն Ծաղկաձորը, այլեւ Հայաստանի մոտ մեկ
երրորդի ամբողջ բուսականությունն ու կենդանական աշխարհը:
Իսկ այժմ, խոսքը գնում է նաեւ Աբովյանի եւ Սվարանցի (Տաթեւի վանքին
հարեւան գյուղ է) երկաթահանքերի շահագործման մասին, որից հետո, եթե
տուրիզմ ենք զարգացնելու, Ծաղկաձորում, Սեւանում եւ Տաթեւում, ապա դա
կլինի շատ ինքնատիպ տուրիզմ խարամի բլուրների գրկում: Հետո տուրիստները
կմրցեն, թե ով քանի կիլոգրամ փոշի է կուլ տվել:
Նույն Hetq.am-ում փետրվարի 14-ին տպագրվեց այս թեմայով Վարդան
Այվազյանի հետ հարցազրույց. «Ընդհանրապես կողջունեի ցանկացած շահագործվող
հանքի համար: Չինական կազմակերպությունը, որ այստեղ ուզում է մոտ 100 մլն
դոլարի չափ ներդրում կատարի եւ աշխատացնի մոտ 2000 մարդ, ինձ թվում է`
սրանից լավագույն բան ոչ մեկը չի անի: Չինաստանից թողնում գալիս է, սա
լավագույն բանն է: Դեռ ընթացքի մեջ է, քննարկվում է: Երեւի շատ շուտով
ներդրողները կգան, նախնական պայմանավորվածություններ կլինեն, որ
շահագործեն: Պետական բյուջեի միջոցները դրանից կավելանան 50 մլն-ով, վա՞տ
բան է: Ես չեմ տեսել, որ արտասահմանցի որեւէ մեկը այստեղ գործարան սարքի,
գործարանը դնի թեւի տակ ու տանի իրա հոր տուն, ոնց որ մի քանի լրագրողներ
ուշաթափվում են»: Հիշեցնենք, որ այս խոսքերի հեղինակը երկար տարիներ
զբաղեցրել է Հայաստանի Բնության պահպանության նախարարի պաշտոնը:
Այվազյանի մյուս միտքն արդեն առնչվում է նրա ներկայիս պաշտոնին. «Իսկ
ինչո՞ւ պիտի հետաքրքրություն չունենամ: Մի՞թե Հայաստանում տնտեսական
գործունեությամբ զբաղվելը հանցագործություն է: Ես կողջունեմ ցանկացած
մեկի, ով կարող է ինքը ներդրում բերել եւ Հայաստանը զարգացնել: Օրենքով
ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է, ի՞նչ են թուլացել, ջղաձիգ
շարժումներ անում»: Հիշեցնենք, այս խոսքերի հեղինակը ներկայում Հայաստանի
Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր է, ԱԺ տնտեսական հարցերով
հանձնաժողովի նախագահ, եւ պետք է լինի խորհրդարանում քննարկվող տնտեսական
օրենքների եթե ոչ հեղինակը, ապա ակտիվ մասնակիցը: Այսինքն, պետք է լինի
լավ տնտեսագետ: Իսկ աշխարհի տնտեսագետները 20-րդ դարի երկրորդ կեսից արդեն
գլխի էին ընկել, որ հանքերի շահագործումը տնտեսության զարգացման հետ
առանձնապես կապ չունի: Այնպես, ինչպես ընտանիքի բարեկեցության հետ կապ չի
կարող ունենալ տան եղած վերջին ոսկեղենը վաճառելը: Դա ընդամենը ճարահատյալ
քայլ է, որին դիմում են միայն ծայրահեղ կարիքի դեպքում: Եւ
"հանքահանությունը” արդյունաբերություն չէ:
Բայց սա հարցի միայն մի կողմն է: Ներդրում բերել եւ Հայաստանը
զարգացնել ասելով ի՞նչ է հասկանում Վարդան Այվազյանը, որպես տնտեսագետ:
Նախարար եղած ժամանակ ինքն իր որդու անունով գրանցած ընկերությանը
լիցենզիա է տվել, հիմա այդ լիցենզիան վաճառելը 24 միլիոնով. բիզնե՞ս է,
տնտեսագիտությու՞ն, թե՞ ինվեստիցիոն գործունեություն:
Բայց սա էլ հարցի ընդամենը մակերեսային կողմն է: Ամենաահավորը
կառավարության փետրվարի 23-ի հաղորդագրությունն է: Ցավալի է, որ իսկապես
տնտեսագետ, իսկապես գրագետ Տիգրան Սարգսյանը նույն ոգեւորությամբ
ողջունում է չինացի ներդրողներին. կառավարության մամուլի ծառայությունը
տեղեկացնում է, թե վարչապետը նշել է, որ գործադիրը կարևորում է
հանքահումքային ոլորտում կատարվող ներդրումներն ու բարձր է գնահատում այն
մեծածավալ ներդրումային ծրագիրը, որով հանդես է գալիս «Ֆորչյուն Օյլ»
ընկերությունը:
Մնաց աշխատատեղեր ստեղծելու մասին գեղեցիկ ցանկությունը: Գոնե
կառավարությունում պետք է որ իմանան, որ որեւէ չինացի հայ հանքափորին գոնե
150 հազար չի վճարի: Փոխարենը Չինաստանից կբերի 30-40 հազար ամրակազմ,
ժրաջան, 20 դոլարով գոհացող բանվորներ, հետո նրանց ընտանիքներին, եւ
վերջում կվերականգնվի "պատմական արդարությունը”` ի դեմս այս տարածքում
ստեղծվող Չինաստանի Հայ Ստան Նյայն գավառի: Դա կարվի երեք փուլով. առաջին`
գալիս են չինացի բանվորները, իրենց ընտանիքներով, երկրորդ` նրանք արագ
բազմանում են, եւ երրորդ` հայերը գնում են Ռուսաստան:
Lragir.am-ի տնտեսական եւ հանքահումքային վերլուծությունների վարչություն
Հ.Գ. Թեղուտը, այս ծրագրի համեմատությամբ, պատուհանագոգին ծաղիկ
աճեցնելու պես մի բան է: Այնպես որ, մեր բնապահպանները դեռ հեծանիվներով
շատ պետք է գնան Հրազդան-Աբովյան-Սվարանց երթուղով:
|